Thursday, March 27, 2014

Թռչուններ



   Աշխարհում հայտնի է թռչունների շուրջ 8700 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական` կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան  գոտիներում, ջրլող թռչունները՝ այն շրջաններում, որտեղ կան գետեր, լճեր, արհեստական ջրավազաններ: Վերջին շրջանում խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը: Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց` խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների թվաքանակը: Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարեվանությամբ ապրելուն
   ՀՀ-ում հանդիպող թռչունների 67 տեսակ գրանցված է Բնության պահպանության միջազգային և ՀՀ Կարմիր գրքերում:

Թռչունների ռեկորդներն աշխարհում
Թևերի ամենամեծ բացվածքը ալբատրոսինն է` մինչև 4 մ:
Ամենափոքր թռչունը կոլիբրի-մեղվիկն է. կտուցի ծայրից մինչև պոչի ծայրը 6 սմ է: 
Ամենամեծ թռչունը աֆրիկական ջայլամն է. մարմնի բարձրությունը 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 150 կգ:
Թռչունների երգը
Թռչունները զանազան ձայներ են արձակում: Մի մասը դա կատարում է կտուցով, մյուսները՝ փետուրներով: Թռչունների մեծամասնությունը ձայնային ազդանշաններով և երգերով հաղորդակցվում են միմյանց հետ: Ձայնային ազդանշանները (կանչերը) սովորաբար կարճ են ու բարձր: Նրանք կարող են նախազգուշացնել սպառնացող վտանգի մասին: Ձայներ արձակում են նաև հասուն թռչուններն ամուսնական խաղերի ժամանակ, իսկ ձագերը՝ մեծերից կեր խնդրելիս: Երամի անդամները որոշակի ձայներով կապ են հաստատում խիտ անտառում կամ գիշերային թռիչքների ժամանակ: Սովորաբար երգում են արուները՝ գրավելով էգերի ուշադրությունը, կամ մրցակիցներին տեղեկացնում, որ իրենց տարածքը բնադրման համար զբաղեցված է և պաշտպանվում է: Երգելու ունակությամբ ուշագրավ են երգեցիկ թռչունները:
Սնունդը
Թռչունների տարբեր տեսակների սնունդը տարբեր է: Ըստ կտուցի կամ ոտքերի ձևի՝ հաճախ կարելի է որոշել, թե ինչով է սնվում այս կամ այն թռչունը: Գիշատիչների կտուցը նման է հզոր կարթի, որով նրանք հեշտությամբ պատառոտում են զոհին: Ճահճային թռչունների կտուցը երկարացած է, որի օգնությամբ նրանք տնտղում են առափնյա տիղմը՝ որդեր կամ մանր խխունջներ գտնելու համար: Սագերի կտուցը տափակացած է և հարմարված կերը ջրից կամ տիղմից զատելուն: Ճնճղուկների կարճ, բայց ուժեղ կտուցը հարմարված է բույսերի սերմերով սնվելուն: Որոշ թռչունների (օրինակ՝ տառեղների) երկար ոտքերը հնարավորություն են տալիս քայլել ջրում և ձուկ որսալ

No comments:

Post a Comment