Monday, March 31, 2014

Կաթնապուր

  Բրինձն ընտրում ենք, լվանում, թրջում սառը ջրում, հետո քամում քամիչով: Ապա բրինձը լցնում ենք տաք կաթի մեջ և եփում մարմանդ կրակով՝ պարբերաբար խառնելով: Վերջում կաթնապուրին ավելացնում ենք աղ և շաքարավազ: 
Ըստ ճաշակի ավելացնում ենք մեղր, դարչին և կարագ:
   Ճաշակում ենք տաք և սառը վիճակում: 

500գ կաթին՝ 40գ բրինձ, աղ և շաքարավազ ըստ ճաշակի: Մեղրը, դարչինը և կարագը ըստ ճաշակի:

  Համե՛ղ է: Առողջարա՛ր է: Սննդարա՛ր է:
 Կարգավորում է ստամոքսի աշխատանքը, սննդային խանգարումները:
   Փորձե՛ք, վայելե՛ք, համոզվե՛ք:

Սյունիքի սպաս

 Ցորենի կորկոտն ընտրել, լվանալ և եփել մինչև պատրաստ լինելը: Ոսպն ընտրել, լվանալ, եփել մինչև պատրաստ լինելը և պաղեցնել: Պաղած ոսպը խառնել կորկոտին: Չորթանը բաց անել 500գ ջրով, լցնել ոսպի և կորկոտի խառնուրդի մեջ՝ պարբերաբար խառնելով, թողնել, որ եռա:
 
Սյունիքի սպասը մատուցել սառը, վրան համեմ ցանած:
20գ ոսպին՝ 20գ կորկոտ, 50գ չորթան, 10գ ալյուր, աղը, համեմը՝ ըստ ճաշակի:

   Համեղ է: Փորձե՛ք, վայելե՛ք:

Սպաս

   Ձվի վրա ալյուրի փոշի լցնել և հարել: Մածունը բաց անել ջրով 1:1 հաշվով: Ձվով բացած այլուրի մեջ, շարունակ խառնելով, լցնել ջրով բացած մածունը: Այդ խառնուրդը լցնել կաթսան, դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնելով հասցնել եռման: Դրանից հետո ավելացնել եփած բրինձ՝ իր ջրի հետ միասին, սոխառած, համեմ կամ դաղձ, խառնել և թողնել, որ եռա: Բրնձի փոխարեն կարելի է օգտագործել ցորենի ձավար, իսկ մածունի փոխարեն՝ թարմ թան:
   Ճաշակում են տաք և սառը վիճակում: 
200գ մածունին կամ 500գ թանին՝ 10գ ալյուր, 25գ գլուխ սոխ, 10գ հալած յուղ, 25գ բրինձ կամ ցորենի ձավար, 6գ դաղձ կամ համեմ, 1/2 ձու, աղ՝ ըստ ճաշակի:

   Առողջարար է՝ հատկապես ցուրտ եղանակներին:
   Կարգավորում է բարձր արյան ճնշումը: 
   Կարգավորում է ստամոքսի աշխատանքը, սննդային խանգարումները:
   Նպաստում է հանգիստ քնին:
   Փորձե՛ք, վայելե՛ք, համոզվե՛ք:

Թանապուր

   Չորթանը մանրացնել և մի գիշեր սառը ջրում թրջոց դնել: Հաջորդ օրը  դանդաղ տրորելով, չորթանը բաց անել գոլ ջրով, որպեսզի միատեսակ զանգված ստացվի (100գ չորթանին՝ 1 լիտր ջուր): 
   Կաթսայում ձուն և ալյուրը լավ հարել, դրա մեջ լցնել բացած թանը, դնել մարմանդ կրակին, անընդհատ խառնելով՝ հասցնել մինչև եռման: Դրանից հետո ապուրի մեջ լցնել սոխառած, եփած ցորենի ձավար, դաղձ կամ համեմ, լավ խառնել և մեկ անգամ էլ եռացնել: 
   Ճաշակում են տաք և սառը վիճակում: Տաք ճաշակելիս կարելի է ավելացնել կարագ:
50գ չորթանին՝ 1/4 ձու, 40գ ցորենի ձավար, 10գ ալյուր, 20գ գլուխ սոխ, 6գ դաղձ կամ համեմ, աղը՝ ըստ ճաշակի: Կարագը ըստ ճաշակի:

    Առողջարար է՝ հատկապես ցուրտ եղանակներին:
   Կարգավորում է բարձր արյան ճնշումը: 
   Կարգավորում է ստամոքսի աշխատանքը:
   Նպաստում է հանգիստ քնին:
   Փորձե՛ք, վայելե՛ք, համոզվե՛ք:

Friday, March 28, 2014

Ճնճղուկ



Ճնճղուկները կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 200, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ դաշտային, ժայռային, իսպանական, կարճամատ, ձյան և տնային ճնճղուկներ:
Փոքր և միջին մեծության թռչուններ են: Մարմինն ամրակազմ է, թևերի երկարությունը՝ 14–17 սմ, կենդանի զանգվածը՝ 20–35 գ: Փետրածածկը խիտ է, բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ բծերով: Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր, կոնաձև: Թևերը կարճ են, կլորավուն:
Սնվում են սերմերով, մանր անողնաշարավորներով: Որոշ տեսակներ (ժայռային, իսպանական, կարճամատ) բնադրող-չվող են, մյուսները (դաշտային, ձյան, տնային)՝ նստակյաց:
Դաշտային ճնճղուկը քիչ է տարածված: Բնակվում է ցածրադիր շրջաններից մինչև լեռնային մարգագետիններ: Բնադրում են առանձին զույգերով կամ փոքր գաղութներով՝ ծառի փչակներում, ժայռաճեղքերում, արհեստական թռչնաբներում կամ ագռավի հին բներում: Դնում է 19 մմ տրամագծով սպիտակ՝ մոխրագույն պուտերով 2–7 ձու: 11–12 օր անց ձագերը դուրս են գալիս ձվերից, 16-օրական ձագերը կազմում են ընտանեկան խմբեր, ապա մի քանի հարյուր թռչուններ, միանալով, կեր են փնտրում դաշտերում և բնակավայրերի ծայրամասերում: Օգտակար է. միջատները և գյուղատնտեսական վնասատուները կազմում են կերի 61 %-ը
Ժայռային ճնճղուկը տարածված է ամենուրեք: Բնակվում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռախորշերում, լքված գյուղերում: Բնադրում է ժայռերի ու շինությունների ճեղքերում: Դնում է 21,5 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 4–7 ձու: Հետբնադրման շրջանում ժայռային ճնճղուկները կազմում են երիտասարդ թռչունների փոքր ու մեծ երամներ (20–200 թռչուն), որոնք կերակրվում են ցանքադաշտերում:
Իսպանական ճնճղուկը հանդիպում է հազվագյուտ: Բնակվում է ցածրադիր տարածքներում, բնակավայրերին մոտ, պտղատու այգիներում, հացահատիկի դաշտերում, եղեգնուտներում: Կազմում է նոսր բնադրագաղութներ: Բնադրում է ոչ մեծ խմբերով` ծառերի վրա կամ պատերի ճեղքերում: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ մոխրագույն պուտերով 4–6 ձու: Կլոր տարին երամային է:
Կարճամատ ճնճղուկը քիչ է տարածված: Բնակվում է ցածր թփուտներով հարուստ, չոր, քարքարոտ լեռնալանջերին: Երկչոտ ու թաքնված թռչուն է: Երգը նման է կնճիթավոր ճպուռի արձակած ձայնին: Բնադրման վայրը փոփոխական է: Բնադրում է խիտ թփուտներում: Դնում է 21 մմ տրամագծով սպիտակ՝ մուգ պուտերով 3–5 ձու: 15–18 օրական ձագերը լրիվ տիրապետում են թռիչքին:
Ձյան ճնճղուկը նույնպես քիչ է տարածված: Բնակվում է բարձրադիր լեռնալանջերին: Համարձակ է, մարդու հարևանությանը՝ անտարբեր: Բնադրում է փոքր գաղութներով, հազվադեպ՝ զույգերով՝ ժայռաճեղքերում կամ խորշերում, քիվերին, քարակույտերում: Դնում է 23 մմ տրամագծով սպիտակ 4–5 ձու: Հետբնադրման շրջանում ալպյան մարգագետիններում ձյան ճնճղուկները կազմում են կերակրվող մեծ երամներ:
Տնային ճնճղուկը տարածված է ամենուրեք: Բնակվում է ամենացածրադիր շրջաններից մինչև 2135 մ բարձրությունները: Բնադրում է շենքերի տանիքներում, քիվերին, պատերի ճեղքերում, ծառերին, քարակույտերում, արհեստական թռչնաբներում, խիտ թփուտներում: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 3–7 ձու: Աշնանային երամները (25–50, երբեմն՝ 100 և ավելի թռչուն) տեղափոխվում են տեղից տեղ և բավականին վնաս են հասցնում հացահատիկի դաշտերին, խաղողի և այլ պտղատու այգիներին: Բարենպաստ պայմաններում բազմանում է կլոր տարին:
Կարճամատ և ձյան ճնճղուկները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Սարյակներ


     ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ՝ սովորականը և վարդագույնը:
     Սարյակները սովորաբար չվող, երամային թռչուններ են: ՀՀ տարածքում բնակվող սովորական սարյակը նաև նստակյաց կյանք է վարում և տաք ձմռանը չի չվում: Գարնանը բնակվում են այգիներում, դաշտերում և մարգագետիններում: Սովորական սարյակի մարմնի երկարությունը 21–25 սմ է, կենդանի զանգվածը՝ 73–98 գ: Գարնան ու ամռան ամիսներին նրա փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով, իսկ աշնանն ու ձմռանը փետրածածկը բաց գույնի է՝ համաչափ տարածված սպիտակ պուտերով, ինչը թռչնին գրավչություն է տալիս: Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են: Մեծ երամներով նրանք վերադառնում են մարտ–ապրիլին և բնադրում. չոր խոտերից, բրդի ծվեններից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են իրենց բույնը, բնադրում են նաև մարդու անմիջական հարևանությամբ՝ արհեստական բներում: Մայիսի սկզբին էգը 4–5 երկնագույն ձվեր է դնում: Նույն ամսի կեսերին հայտնվում են ձագերը, որոնք 3 շաբաթ անց թռչում հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել: ՀՀ տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի: Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին:
Մարմնի չափերով (երկարությունը 21,5 սմ է, կենդանի զանգվածը՝ 70–90 գ) նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, միայն թե նրանց մեջքի և որովայնի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև: Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ: Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով (ավելի քան 10 հազար թռչուն): Թեև կեր են հայթայթում նաև մարդկանց բնակավայրերի մոտ, բայց բնադրում են նրանցից հեռու՝ քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում: Վարդագույն սարյակների բնադրագաղութներ կան Արագածի, Գեղամա լեռների քարքարոտ լանջերին: Բույնը պատրաստում են չոր խոտերից, բարակ ցողուններից:
Դնում են 4–6 երկնագույն ձվեր, որոնցից հունիսի 2-րդ կեսին դուրս են գալիս ձագերը: Սարյակները սնվում են հիմնականում միջատներով, նաև զանազան պտուղներով (գերադասում են թութը) և հատապտուղներով: Սարյակները շատ օգտակար թռչուններ են. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների, հատկապես՝ մորեխների: Վարդագույն սարյակները 1 գաղութի սահմաններում կարող են ոչնչացնել մեծ քանակության վնասատու միջատներ: Ուստի սարյակներին հարկավոր է պահպանել:

Ապարանցիները (4)




Մեծահարուստ ապարանցին «Ջիպ»–ով Երևանից գնում է Ապարան՝ հայրենի գյուղ։ Տեղ է հասնում, մեքենան կանգնեցնում և թոկով կապում է ծառից։
- Ինչի՞ մեքենան կապեցիր ծառից։
- Որ չփախնի այդ հայվանը...



- Եթե ասես, թե քանի՞ էշ ունեմ, զույգն էլ քեզ կտամ,
դիմում է ապարանցին երևանցուն։
- Երկու...
- Գուշակ ես, է, գուշա՜կ, ամեն ինչ գիտես...

Thursday, March 27, 2014

Ապարանցիներ (3)




Ինչո՞ւ ես ուզում կնոջիցդ բաժանվել, - հարցնում են ապարանցուն։
- Շատ կեղտոտ կնիկ է։ Ամեն օր լողանում է։

- Լսիր, կինդ ման է գալիս, - ասում է մի ապարանցի մյուսին։
- Ոչինչ, տաք է հագնված...

- Լսիր, կինդ ման է գալիս, - ասում է մի ապարանցի մյուսին, իսկ սա ասում է - Խի՞ քոնը չոչ է անում: